2018թ. մարտի 31-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ ակադեմիական ազնվության վերաբերյալ քննարկում, որը կազմակերպել էին Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը և ուսանողական կառույցները:
Քննարկումը վարեց տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը:
Ներկա էին ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը, տնօրենի օգնական Նաթելլա Գրիգորյանը, ֆակուլտետների դեկաններ Նելլի Խուդավերդյանը և Ալեքսան Մարգարյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն, դասախոսներ, կուրսերի ավագներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
Ա.Մակարյանը ներկայացրեց, որ բավականին ժամանակ մասնաճյուղում պլանավորվում էր կազմակերպել նմանատիպ քննարկում, որի նպատակն է հասկանալ կրթօջախում տիրող իրավիճակը և քայլեր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ:
Նա հակիրճ անդրադարձավ մեր հասարակության արժեհամակարգին, ազնվության և մասնավորապես ակադեմիական ազնվության վերաբերյալ ընկալումներին, կոչ արեց ակտիվորեն մասնակցել քննարկմանը:
Մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, ՈՒԳՊՎ բաժնի ավագ դիսպետչեր Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց ակադեմիական ազնվության վերաբերյալ մարտի 25-ից 30-ը անցկացված անանուն առցանց հարցման արդյունքները, որի նպատակն էր պարզել ուսանողների իրազեկվածությունը և վերաբերմունքը կրթօջախում ակադեմիական ազնվության վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են տարբեր ֆակուլտետների 38 ուսանողներ, որոնց 18 տոկոսը նշել է, որ ԵՊՀ ԻՄ-ի Ակադեմիական ազնվության կանոնակարգին ծանոթ է ամբողջությամբ, իսկ 40 տոկոսը՝ մասամբ: Հարցվածները որպես իրազեկման աղբյուր նշել են մասնաճյուղի կայքը (24%), ուսանողական խորհուրդը (18%), դասախոսներին (18%), կուրսի ավագին (10%), համակուրսեցիներին (8%) և միայն 3 տոկոսը` դեկանին:
Արդյունքների համաձայն` մասնաճյուղում ակադեմիական ազնվության ներկա մակարդակից ուսանողները գոհ են միջին չափով:
Հարցման մասնակիցների 39 տոկոսը խոստովանել է, որ խախտել են նշված կանոնակարգը և նրանց միայն 13 տոկոսն է նշել, որ տվյալ ժամանակահատվածում ստացած օգուտը երկարաժամկետ պլանում կարող է վնասակար լինել:
Հարցման մասնակիցները նշել են ակադեմիական ազնվության մակարդակի բաձրացմանը խոչընդոտող հետևյալ հանգամանքները՝
- Անտարբերությունը սեփական աշխատանքի հանդեպ:
- Ուսանողների անգրագիտությունը:
- Ակտիվությունը:
- Դասախոսների կողմնապահությունը:
- Ուսանողի չգիտակցելը, թե ինչի համար է վճարում բուհին:
- Հարցաշարերերի հարցերի բազմաքանակ լինելը:
- Ռոտացիան, ամեն գնով անվճար լինելու ձգտումը:
- Գնահատականի, այլ ոչ գիտելիքի համար պայքարելը:
- Իրավունքների և պարտականությունների ոչ լիարժեք իմացությունը:
- Ծուլությունը:
- Սխալ աշխարհայացքը:
- Դասախոսակենտրոն ուսուցումը:
Ուսանողներն իրենց պատասխաններում նշել էին նաև, թե ինչ են ակնկալում դասախոսներից, գնահատումից և մասնաճյուղից.
- Գնահատելիս չկենտրոնանալ նախորդ գնահատականների վրա:
- Արդար գնահատական:
- Ուժեղ հսկողություն, որ չարտագրեն:
- Անաչառություն:
- Մասնագիտական և մանկավարժականան կրթության բարձր մակարդակ:
- Խնդրանքից հետո գնահատական չբարձրացնել:
- Ընկերություն:
- Խստապահանջություն:
- Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն:
- Գործնական գիտելիքներ, որոնք կնպաստեն վերլուծական և քննադատական մտածողությունների զարգացմանը:
- Ճանաչողություն:
Ծավալվեց հարցման արդյունքների շուրջ բուռն քննարկում: Ուսանողներն ու դասախոսները ներկայացրին հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները, փորձեցին վերլուծել արդյունքները:
Առավել մեծ ուշադրություն հրավիրվեց արտագրությունների խնդրի վրա, որոնց պատճառով, ըստ մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների, ուսանողը հեռացվում է կրթօջախից:
Այնուհետև ընդհանուր գծերով ներկայացվեց Ակադեմիական ազնվության կանոնակարգը, որին կարելի է ծանոթանալ այստեղ՝ /sites/ijevan/files/wp_imgs/2011/08/appendix-13-10.pdf:
Որոշվեց քննարկված հարցերի և կանոնակարգի պահանջների մասին լրացուցիչ կերպով տեղեկացնել ուսանողներին և խստորեն վերահսկել ընթացիկ քննությունների և ստուգումների ընթացքը: