2018թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը:
Քննարկմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը Գ.Հովհաննիսյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Ավարտական աշխատանքի կատարումը», II. «Ավարտական աշխատանքի ձևավորումը», III. «Ավարտական աշխատանքի պաշտպանությունը») առաջին դասն էր:
«Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպված սեմինար-քննարկման նպատակն է ավարտական աշխատանքների հետ առնչվող անձանց՝ ղեկավարներին և ուսանողներին հաղորդակից դարձնել ավարտական աշխատանքների կատարման մեթոդաբանությանը և մեթոդներին, դրանց ձևավորման և ձևակերպման կանոններին, ուսանողներին պատրաստել ավարտական աշխատանքների պաշտպանությանը, նրանց ներկայացնել հրապարակային պաշտպանության ժամանակ աշխատանքների գնահատման սանդղակը:
Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտության առանձնահատկությունները՝ գործընթացի նպատակաուղղվածությունը, անհայտի բացահայտումը, նորի որոնումը և հետազոտության հատուկ մեթոդների օգտագործումը:
Տրվեց ավարտական աշխատանքի՝ որպես գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, այն է՝ ավարտական աշխատանքն ուսանողի մասնագիտական որակավորումը՝ տեսական ու գործնական պատրաստվածությունը հաստատող ուսումնասիրություն է: Բակալավրի ավարտական աշխատանքն ինքնուրույն, տեսական կամ կիրառական նշանակության աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու և լուծումներ առաջադրելու հմտություններ:
Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, այսինքն՝ բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն ուսումնասիրել՝ լինել գիտականորեն օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից, քանզի գիտության մեջ նորի էությունը ոչ միշտ է տեսանելի հետազոտողին:
Ընդգծվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:
Նշվեց, որ գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, կարևոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը:
Անդրադարձ կատարվեց նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:
Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.
- Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
- Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
- Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
- Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
- Հետազոտության գործընթացի նկարագրություն:
- Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:
Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:
Ամփոփելով սեմինարի ընթացքում քննարկված հարցերն ու խնդիրները՝ պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ հետևությունները.
- գիտահետազոտական աշխատանք գրելիս հեղինակը պետք է իմանա գիտական հետազոտություն կատարելու հիմնական սկզբունքները,
- ուսումնասիրության թեմայի ընտրությունից ու հաստատումից հետո անհրաժեշտ է զբաղվել թեմային առնչվող նյութերի՝ սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հավաքմամբ («մրջյունի» փուլ),
- այնուհետև հարկ է ընթերցել հավաքված գրականությունը՝ ընթացքում առանձնացնելով ուսումնասիրության թեմային վերաբերող նյութերը («մեղվի» փուլ):
Վերջում մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: