2018թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտություն 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ներսիսյանը ներկայացրեց «Հողամասերի օտարում» թեմայով գիտահանրամատչելի զեկուցում:
Միջոցառումը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Զեկուցման մեջ ներկայացվեց, որ քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների և այլ պայմանների պահպանմամբ: Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա:
Ընդգծվեց, որ երկու կամ մի քանի անձանց մոտ սեփականության, օգտագործման ներքո գտնվող հողամասը նրանց է պատկանում համապատասխանաբար՝ ընդհանուր սեփականության, ընդհանուր օգտագործման իրավունքով: Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքը ծագում է երկու կամ մի քանի անձանց սեփականության իրավունքով այն հողամասն անցնելիս, որը չի կարող բաժանվել առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ օրենքի ուժով ենթակա չէ բաժանման:
Սեփականատերերից մեկին պատկանող շենքի, շինության վերակառուցումը չի հանգեցնում ընդհանուր հողամասում նրա բաժնի մեծացմանը՝ առանց մյուս սեփականատերերի համաձայնության:
Նշվեց, որ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են: Պետությունը կարող է սեփականության իրավունքով հողամասեր գնել համայնքներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից:
Համայնքների սեփականության են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը՝ բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի:
Պետության սեփականության հողամասերն օտարվում են՝
1) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.
2) ուղղակի վաճառելու միջոցով.
3) աճուրդով:
Պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար և որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար:
Դ.Ներսիսյանը ներկայացրեց, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը կատարվում է աճուրդով:
Աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից: Աճուրդի մեկնարկային գինը յուրաքանչյուր համայնքի, ինչպես նաև համայնքների առանձին հատվածների համար սահմանում է համայնքի ղեկավարը՝ համաձայնեցնելով համայնքի ավագանու հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Զեկուցման ներկայացումից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում՝ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
Վերջում ելույթ ունեցավ նաև Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ա.Սիմոնյանը, ով ֆակուլտետի 2 մասնագիտությունների ուսանողներին առաջարկեց համագործակցել, ուսումնասիրել իրենց մասնագիտական գիտելիքների կիրառման հնարավորությունները և դրանց վերաբերյալ ներկայացնել զեկուցումներ: