2018թ. փետրվարի 28-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԵՀ համակարգող Կարեն Ավագյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
«Հայկյան» մրցանակաբաշխությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 17 տարի անընդմեջ իրականացվող ծրագիր է, որի նպատակն է խրախուսել, գնահատել երիտասարդներին, ուսանողներին և բոլոր երիտասարդական նախաձեռնություններին, որոնք տարվա ընթացքում իրականացնում են:
Մրցանակաբաշխության ժամանակ Կարեն Ավագյանը վստահեցրեց, որ ծրագիրը սպասված է և շատ կարևոր, որովհետև սա լավագույն օրինակն է, որտեղ երիտասարդները քրտնաջան և նվիրված աշխատանքով կարողանում են նման մրցանակների արժանանալ: Նա նաև ընդգծեց, որ գնալով դժվարանում է ընտրությունը, շատանում են ծրագրերը, և ամեն տարի ավելի բարդ է լինում հաղթահարել այն շեմը, որից հետո կարելի է արժանանալ «Հայկյան» մրցանակի:
«Հայկյան 2017» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընդունվել էր մոտ 40 հայտ՝ 11 անվանակարգերում: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ևս հայտ էր ներկայացրել։ Հաղթողների անունները պարզ դարձան միայն մրցանակաբաշխության ժամանակ։
«Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը և ՈՒԽ-ի անդամներ Զառա Վարտանյանը, Անի Ասրյանը և Արփինե Վերանյանը:
Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ և ելույթ ունեցավ Իսկուհի Շաղբաթյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Ի.Շաղբաթյանը սիրով ողջունեց ՀՀ նախագահին, ներկաներին և շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին: Նա շնորհակալություն հայտնեց ՈՒԽ-ի բոլոր անդամներին, մասնաճյուղի ամբողջ անձնակազմին՝ աջակցության համար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, մասնավորապես «Հայկյան» մրցանակաբաշխության ժյուրիին՝ կատարած աշխատանքը լավագույնս գնահատելու և նման պարտավորեցնող մրցանակի արժանացնելու համար:
Նախապես որոշված անվանակարգերից բացի` ՀՀ նախագահի կողմից տրվեցին 8 հատուկ մրցանակներ:
Մրցանակակիրները ստացան խորհրդանշական արձանիկներ, հավաստագրեր և թանկարժեք նվերներ։
Մրցանակաբաշխության վերջում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նրանց մաղթեց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի:
Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով. երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), հայտնի երգիչ-երգչուհիներ:
Աղբյուրներ`
http://www.president.am
http://heh.am
http://www.erit.am