2018թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:
Միջոցառմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մասնաճյուղի շրջանավարտ աշխատակիցներ:
Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ուսանողների հասարակական ակտիվության և կարիերայի հնարավորությունների միջև կա մեծ կապ: Նա ներկայացրեց այն աշխատանքային ունակությունները և հնարավորությունները, որոնք կարող են զարգանալ ակտիվ լինելու դեպքում.
- շփման ազատություն, անկաշկանդվածություն, ինքնավստահություն,
- պատասխանատվություն, ճշտապահություն,
- հետաքրքրասիրություն, փնտրելու ունակություն,
- առաջնորդություն,
- թիմում աշխատելու հմտություններ,
- գործարար կապեր, ճանաչում:
Այնուհետև ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց հասարակական ակտիվության տեսակները.
- գիտական ակտիվություն՝ գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, զեկուցումներ, օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր,
- մշակութային ակտիվություն՝ ցուցահանդես, հանդիսավոր միջոցառում, ստեղծագործական աշխատանք,
- սպորտային ակտիվություն և մրցույթներ,
- կազմակերպչական աշխատանքներ,
- այլ ակտիվություններ՝ ֆլեշմոբ, շաբաթօրյակ, բարեգործական և կամավորական ծրագրեր,
- կուրսի/խմբի ավագի պարտականություններ, հանձնաժողովներ, ակումբներ/խմբակներ:
Ս.Ալավերդյանը և Ի.Շաղբաթյանը օրինակ բերեցին մասնաճյուղի ուսանողական կառույցների մի շարք նախկին նախագահների (Վահագն Չոբանյան, Էդիտա Սիմոնյան, Կարեն Իսկանդարյան, Նարեկ Սահակյան, Թաթուլ Թամրազյան, Ռազմիկ Հովսեփյան), ովքեր այսօր աշխատում են տարբեր ոլորտներում, և իրենց կարիերայի հարցում մեծ դեր է ունեցել ուսանողական ակտիվությունը:
Ի.Շաղբաթյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներից 57-ը մասնաճյուղի շրջանավարտներ են: Նրանցից ավելի քան 40-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են, և նրանց զգալի մասը ուսանողական տարիներին եղել է այս կամ այն չափով ակտիվ:
Ելույթ ունեցավ նաև Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի երիտասարդ դասախոս Մերի Ամիրզյանը, ով ներկայացրեց, որ ուսանողական տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ուսանողական կառույցների աշխատանքներում, մասնակցել է մի քանի գիտաժողովների, տպագրել է 1 գիտական հոդված, պարային համարներով հանդես է եկել բազմաթիվ մշակութային միջոցառումների ժամանակ: Նա նշեց, որ եթե տարիներ առաջ նմանատիպ միջոցառման ժամանակ իրեն ասեին, որ պետք է ելույթ ունենա, գուցե կաշկանդվեր, բայց տարբեր միջոցառումների մասնակցելով՝ իր մեջ զարգացել են մի շարք հատկանիշներ, որոնք այսօր օգնում են առօրյա կյանքում և դասախոսական աշխատանքում:
Վերջում Ի.Շաղբաթյանը բոլորին շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար և կոչ արեց լինել ակտիվ: