2018թ. փետրվարի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Սեմինարավարը նշեց գիտաժողովների մասնակցելու դրական կողմերը․
- Սեփական ուժերի ստուգում:
- Շփում և մրցակցություն այլ ուսանողների հետ:
- Կրթության և կարիերայի աջակցության հնարավորություններ:
- Խրախուսվող հասարակական ակտիվություն։
Ներկայացվեց, որ գիտաժողովների մասին կարելի է տեղեկանալ տարբեր ուսումագիտական կազմակերպությունների պաշտոնական կայքերից, հայտարարությունների տախտակներից։
Ընդգծվեց, որ հարկավոր է ճշտել գիտաժողովի չափանիշները, թեմատիկան, անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու վերջնաժամկետը, որից հետո ընտրել գիտական ղեկավար և թեմա։
Նշվեց, թե ինչ ընթացք ունի գիտաժողովին ներկայացվող զեկուցման համար անհրաժեշտ գիտական հետազոտությունը.
- Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում:
- Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
- Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
- Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
- Հետազոտության գործընթացի նկարագրություն:
- Հետազոտության արդյունքների վերլուծություն:
- Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:
Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):
Ներկայացվեց աղբյուրներից օգտվելու կարգը և հղումներ կատարելու նշանակությունը.
- Գրագողությունից խուսափում:
- Ստուգելիության ապահովում:
- Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ:
- Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում:
- Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:
Բացատրվեցին համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ), ներկայացվեցին գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը, «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները, Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:
Ս․Ալավերդյանը հավելեց, որ նմանատիպ սեմինարներ հետագայում ևս կկազմակերպվեն, և մասնաճյուղը միշտ պատրաստ է աջակցելու ուսանողներին գիտաժողովների մասնակցելու հետ կապված հարցերում։